ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Նոր որակ Արցախի առողջապահական համակարգում

Նոր որակ Արցախի առողջապահական համակարգում
25.03.2016 | 01:12

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել: Շուրջ երկու տարի հատուկ առաքելությամբ Արցախ գործուղված Քուշկյանը կարողացավ ոչ միայն ԼՂՀ առողջապահական համակարգը պատշաճ ռելսերի վրա դնել, այլև վաստակել արցախցիների սերն ու հարգանքը: Պատահական չէ, որ նրա հրաժարականի դիմումը անհանգստացրել է արցախցիներին:
Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ նախարարի իրագործած ծրագրերից ամենակարևորը, թերևս, Արցախում անգիոգրաֆիկ ծառայության ստեղծումն էր, ինչի առկայությունը կաթվածի դեպքում հնարավորություն է ստեղծում համապատասխան սարքավորմամբ ստենտավորում իրականացնել: Ի դեպ, այս թանկարժեք սարքը նախարարը սեփական միջոցներով է գնել, որից հետո Երևանի «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները մեկնել են Ստեփանակերտ և հատուկ վերապատրաստում իրականացրել: «Այս բժշկական ծառայությունը բավականին հասանելի է հանրության համար: Քուշկյանի ԼՂՀ գնալը համընկավ նաև շքեղ հիվանդանոցի բացման հետ, ներդրվեց լապարոսկոպիկ ծառայությունը: Այս երկու տարում «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական հաստատություններից բազմաթիվ բժիշկներ են գնացել Արցախ, կատարել բացառիկ վիրահատություններ: Նշված հաստատություններում Արցախի բժիշկները մշտապես վերապատրաստվել են, ավարտին է հասցվել շրջանների բժշկական կենտրոնների կառուցումը ևս»,- նշեց Շուշան Հունանյանը` հավելելով, որ սեպտեմբերին կբացվի ուռուցքաբանական դիսպանսերը:
Հայաստանում առողջապահության նախարար աշխատած տարիներին Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ներդրվեց ծննդօգնության սերտիֆիկատը, նույնը նաև՝ հայկական երկրորդ հանրապետությունում: «Երկու տարվա համար մշակված ծրագրերից պարոն Քուշկյանն ավելին է իրականացրել, ընդունել է հազարավոր քաղաքացիների: Ընդունելության ժամը վերջանում էր, բայց մարդկանց հոսքը չէր դադարում: Անձամբ ընդունել ու բոլորին էլ լսել է: Գրեթե 99 %-ը դրական լուծմամբ է հեռացել նախարարությունից»,- ասաց մամուլի խոսնակը` հավելելով, որ արցախցիներին նախարարն ընդունում էր ոչ թե մեկ օր, այլ բոլոր օրերին:
Փաստորեն, Հարություն Քուշկյանն Արցախում ոչ միայն առողջապահության համակարգն է ոտքի կանգնեցրել, այլև նոր որակ է հաղորդել դրան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ